Իրանի իշխանություններն ամբողջովին վերացրել են Instagram-ի արգելափակումը

Իրանի իշխանություններն ամբողջովին հանել են Instagram սոցիալական ցանցի սահմանափակումը, որը մտցվել էր երկրում սկսված բողոքի ակցիաների ֆոնին։ Այս մասին տեղեկացնում է Mehr News Agency լրատվականը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ալիրեզա Ռահիմին հայտարարել էր, որ Instagram և Telegram սոցցանցերի արգելափակումը ժամանակավոր է, և դրանք կրկին կաշխատեն հունվարի 5–ից։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրումին սպառնացել էր ամբողջապես արգելափակել messenger-ը, եթե չփակվեն «ահաբեկիչների ալիքները»։

Ինչպես պնդում են արևմտյան լրատվամիջոցները, Իրանի իշխանությունների կողմից Instagram-ի և Telegram-ի արգելափակումը պայմանավորված է երկրում բողոքի ակցիաների ակտիվացման հետ։

Իրանում հակակառավարական ցույցերն սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Տարբեր քաղաքներում տեղի ունեցող ակցիաների մասնակիցները դժգոհում են թանկացումներից։ Որոշ տեղերում ցույցերը վերաճել են իրավապահների հետ զանգվածային բախումների, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցներ։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 450 մարդ։

Հունվարի 3-ին Իրանի «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (Իրանի Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) ղեկավար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերն ավարտվել են ապստամբների պարտությամբ։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է ոչ ավել քան 15 հազար մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.