Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող բնակավայրերից մեկին․ Սիրիայի ՊՆ

Հունվարի 9-ի առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի ավիահարված են հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող Էլ Քաթիֆ բնակավայրի ռազմական օբյեկտներին։ Այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իսրայելական ուժերը հարվածները հասցրել են «երկիր-երկիր» տեսակի հրթիռներով և ռազմական ինքնաթիռներով։ Սիրիական կողմի հավաստմամբ՝ հաջողվել է խոցել հրթիռներից մի քանիսը։ Խոցվել է նաև մեկ ինքնաթիռ, որի ճակատագիրը դեռ անհայտ է։

Իսրայելական Haaretz թերթն, իր հերթին, հղում կատարելով սիրիական ընդդիմության աղբյուրներին, պնդում է, որ հարվածների թիրախը եղել է տեղի ռազմամթերքի պահեստը։ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սակայն, չի մեկնաբանել ավիարվածների մասին լուրերը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը «երկիր-երկիր» տեսակի հրթիռներով հարվածներ էին հասցրել սիրիական Էլ Քիսվա քաղաքին, որը գտնվում է Դամասկոսի հարավարևելքում։ Al Ekhbariya հեռուստաալիքի պնդմամբ՝ հրթիռներից մեկը խոցել էր տեղի դիրքերից մեկը՝ սիրիական կողմին հասցնելով նյութական խոշոր չափի վնաս։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.