Թուրքիան պատրաստվում է զանգվածային ավիահարվածներ հասցնել Սիրիայում քրդերի դիրքերին․ Haberturk

Թուրքիայի Զինած ուժերի՝ Աֆրինում ցամաքային գործողությանը կնախորդեն քրդական «Ազգային ինքնապաշպանության ջոկատներ» զորամիավորման (YPG) դիրքերին շուրջ 150 զանգվածային ավիահարվածներ։ Այս մասին գրում է թուրքական Haberturk լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրքական հատուկ ծառայությունները նախորդ տարվա հոկտեմբերի 13-ից ուշադրության կենտրոնում են պահում Աֆրինը և YPG-ի վերահսկողության տակ գտնվող մյուս տարածքները՝ օգտագործելով անօդաչու սարքեր։

«Հունվարի 16-ին հայտնաբերվել է 149 թիրախ, որոնց ուղղությամբ ավիահարվածներ կհասցվեն գործողության մեկնարկից առաջ։ Կխոցվեն ոչ միայն YPG-ի անշարժ օբյեկտները, այլ նաև՝ տրանսպորտային հանգույցները», - գրում է Haberturk-ը։

Նշվում է, որ գործողոթյան առաջին փուլը կտևի 6 օր, որի ընթացքում ավիացիային զուգընթաց ակտիվորեն կգործի նաև սահմանային շրջաններում տեղակայված հրետանին։

Haberturk-ն ընդգծում է նաև, որ Աֆրինի վերջնական «մաքրման» համար կարող է պահանջվել թուրքական բանակի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությունը։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիան Սիրիայի հետ սահմանային շրջաններ էր փոխադրել մեծ քանակությամբ զրահատեխնիկա և հրետանի։ Հարկ է նշել նաև, որ Աֆրինը երեք կողմից (հյուսիսից, արևելքից և արևմուտքից, - խմբ․) շրջափակված է թուրքական սահմաններով։ Զանգվածային գրոհների պարագայում քուրդ զինյալները կարող են նահանջել դեպի Դամասկոսի տիրապետության տակ գտնվող տարածքներ։

Օրեր առաջ պարզ էր դաձել, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում ստեղծում է «Սահմանային անվտանգության ուժեր» անվանմամբ զորամիավորում, որպեսզի վերջինս ապահովի իր տիրապետության տակ գտնվող տարածքների անվտանգությունը։ Նպատակ կա վերապատրաստել մոտ 30 հազար մարդու, որոնցից 15 հազարը կլինեն քրդական  «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF-Syrian Democratic Forces) զորամիավորման անդամներ։

Հատկանշական է, որ այս զորամիավորումը գործելու է հենց թուրքական սահմանի մոտ։ Այս կապակցությամբ իր վրդովմունքն էր հայտնել Թուրքիայի ԱԳՆ-ը։ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը խաղում է կրակի հետ»։ Նախագահ Էրդողանն, իր հերթին, սպառնացել էր դեռ չստեղծված ոչնչացնել այդ նոր զորամիավորումը։

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորումը հիմնականում բաղկացած է սիրիացի քրդերից, ինչպես նաև արաբ որոշ ռազմագերիներից Այս զորամիավորումն ստեղծվել է 2015 թ․ ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ։ Ինչպես հայտարարվում էր, այն «անհրաժեշտ էր Իսլամական պետության դեմ պայքարում»։  Խմբավորումն իր զինամթերքն ստանում էր ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից։

http://www.haberturk.com/son-dakika-haberi-afrin-operasyonu-ne-zaman-bas...

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.