Մադրիդը միջոցներ կձեռնարկի, որպեսզի Պուչդեմոնը չկարողանա կրկին ստանձնել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը

Իսպանիայի կառավարությունը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնը չկարողանա կրկին ստանձնել նույն պաշտոնը։ Այս մասին COPE ռադիոալիքի եթերում հայտարարել է Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան։

«Մենք կընդունենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի հնարավոր չլինի Պուչդեմոնի՝ նախկին պաշտոնին վերադառնալը», - հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ «շատերը գիտեն, որ Պուչդեմոնը չի կարող դառնալ Կատալոնիայի կառավարության ղեկավար․դա գիտեն անգամ անկախության կողմնակիցները»։

Սաենս դե Սանտամարիան հույս է հայտնել նաև, որ Կատալոնիայի՝ նոր ձևավորված խորհրդարանի խոսնակը զերծ կմնա հակասահմանադրական քայլերից։

Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ համաձայն Իսպանիայի սահմանադրության՝ Կատալոնիան կմնա Մադրիդի անմիջական կառավարման տակ այնքան ժամանակ, մինչև կնշանակվի կառավարության նոր ղեկավար։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը հակասահմանադրական է ճանաչել ինչպես Իսպանիայի կառավարությունը, այնպես էլ երկրի սահմանադրական դատարանը։ Հոկտեմբերի 27-ին արդեն Կատալոնիայի խորհրդարանը, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, հատարարեց անկախության հռչակման մասին։

Անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.