Հյուսիսային Կորեան մի քանի ամսից ի վիճակի կլինի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին․ ԿՀՎ ղեկավար
Հյուսիսային Կորեան մի քանի ամիս հետո ի վիճակի կլինի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային մասին։ Այս մասին CBS լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն։
Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան լրագրողի այն հարցին, թե երբ Կիմ Չեն Ընը կկարողանա միջուկային հարված հացնել ԱՄՆ-ին։
Հաղորդավարուհին նկատել է, որ Պոմպեոն նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև կես տարի առաջ։
«Այո, դա ճիշտ է։ Կցանկանայի ասել՝ մեկ տարուց։ ԱՄՆ-ի կառավարությունն անդադար աշխատում է, որպեսզի այդ պահը հնարավորինս ուշ գա», - ասել է ԿՀՎ ղեկավարը։
Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզության համար անակնկալ չէր նախորդ տարվա սեպտեմբերին Փհենյանի կատարած վեցերորդ միջուկային փորձարկումը։
«Մենք գիտեինք, որ դա նախապատրաստվում է։ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն ակտիվորեն իրականանում և ընդլայնվում է։ Մարտագլխիկները դառնում են ավելի հզոր և հուսալի։ Այս ամենի մասին մենք զեկուցում ենք քաղաքական որոշումները կայացնող մարդկանց», - շարունակել է Պոմպեոն։
Համաձայն ամերիկյան տվյալների՝ Հյուսիսային Կորեան կարող է ունենալ 10-ից 20 միջուկային մարտագլխիկ, որոնց մեծ մասի հզորությունը կարող է հասնել մինչև 20 կիլոտոն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռային նոր փորձարկում՝ արձակելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 4475 կիլոմետր, իսկ երկարությունը՝ 950 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտի։
Փհենյանի հավաստմամբ՝ այս հրթիռը կարող է խոցել թիրախներ ԱՄՆ-ի ողջ տարածքում։