Չեխիայի գործող նախագահը Բաբիշին կնշանակի վարչապետի պաշտոնում անկախ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, անկախ հունվարի 26-ին և 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից, երկրորդ անգամ երկրի վարչապետի պաշտոնում կնշանակի ANO (Akce nespokojených občanů․ թարգմանաբար նշանակում է «դժգոհ քաղաքացիների շարժում», - խմբ․) շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters լրատվական գործակալությանը։
«Պարոն Իրժի Դրագոշը (նախագահական ընտրություններում Զեմանի հակառակորդը, - խմբ․) հնարավորություն չի ստանա վարչապետ նշանակելու», - ասել է Զեմանը։ Նրա խոսքով՝ եթե ինքը պարտվի, ապա կարագացնի Բաբիշի նշանակումը, իսկ եթե հաղթի՝ ապա կհետաձգի այն, որպեսզի Բաբիշին հնարավորություն տա բավարար աջակցութուն ապահովել խորհրդարանում։
Հաղորդվում է, որ Չեխիայի գործող կառավարությունը, որը հիմնականում կազմված է ANO շարժման անդամներից, հունվարի 24-ին երկրի նախագահին կհայտնի իր հրաժարականի մասին։ Միլոշ Զեմանը նույն օրը կհանձնարարի վարչապետին կատարել իր պատրավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։
Նշենք, որ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում ANO շարժումն ունի 200-ից 78 մանդատ։ Ընդդիմությունը հրաժարվել է աջակցել Բաբիշին, կապված վերջինիս նկատմամբ ոստիկանության սկսած հետաքննության հետ։ Նա կասկածվում է իր ընկերություններից մեկի օգտին Եվրամիությունից խարդախությամբ մոտ 2,3 միլիոն դոլարի սուբսիդիա ստանալու մեջ։ Բաբիշը պնդում է, որ մեղադրանքների հետևում կանգնած են իր քաղաքական հակառակորդները։