Լիբիական Բենգազիում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Հունվարի 23-ին Լիբիայի Բենգազի քաղաքում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին տեղեկացնում է Al Arabiya գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորվել է ավելի քան 80 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհի մասին։

Նշվում է, որ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան պայթել էր քաղաքի արևելյան թաղամասերից մեկում գտնվող խոշոր մզկիթի մոտ։ Այդ ժամանակ երեկոյան աղոթքից հետո բազմաթիվ հավատացյալներ մզկիթից դուրս գալիս են եղել։

Պայթյունից մոտ կես ժամ անց՝ երբ արդեն դեպքի վայր էին ժամանել ոստիկանության և շտապօգնության ծառայության խմբերը, տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն․ պայթել է մոտակայքում կայանած մեքենաներից մեկը։

Հատկանշական է, որ երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից և ոչ մեկը դեռ չի ստանձնել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը։

Լիբիայում այժմ երկիշխանություն է։ Երկրի արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում իշխում է ազգային համաձայնության կառավարությունը, որին աջակցում է ՄԱԿ-ը և Եվրոպան, իսկ արևելքում իշխում է ընտրված ազգային ժողովը, որը համագործակցում է ազգային բանակի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.