ԱՄՆ ֆինանսների նախարարությունն այսպես կոչված «կրեմլյան զեկույցում» ընդգրկել է 210 անուն

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների և խոշոր ձեռնարկատերերի 210 հոգուց բաղկացած ցուցակ, որոնք կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ցուցակում ընդգրկված է 114 պետական աշխատող և 96 ձեռնարկատեր։

Այսպես կոչված «կրեմլյան զեկույցում» ընդգրկված գլխավոր անձանցից են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նշված են նաև Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարության անունները՝ Անտոն Վայնո, Ալեքսեյ Գրոմով, Վլադիսլավ Սուրկով և այլն։

Օլիգարխների ցուցակում ներառված անունների թվում են ձեռնարատերեր Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, Պյոտր Ավենը, Վադիմիր Պոտանինը, Գենադի Տիմչենկոն և այլոք։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն, ընդ որում, նշել է, որ ԱՄՆ-ում ոչ մի սահմանափակում կամ արգելք չկա այս ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ։ «Օլիգարխների ցուցակում» ընդգրկված անձանց նկատմամբ նույնպես սահմանափակումներ չեն կիրառվի, եթե նրանց նկատմամբ ավելի վաղ պատժամիջոցներ չեն սահմանվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.