Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Սիրիայի հյուսիսը

Թուքիայի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցնում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) զորամիավորման՝ Աֆրինում գտնվող դիրքերին։ Ինչպես հայտնում է քրդական Firat գործակալությունը, օդային հարձակումները կատարվել են սահմանամերձ Ջանդարիս և Բիլբիլ շրջանների վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի միանգամից 13 անդամ։ Կան նաև խաղաղ բնակչության շրջանում գրանցված այլ վիրավորներ։

Աֆրինի շրջանի առողջապահության վարչության ղեկավարը Firat-ի հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական կողմի ավելի վաղ կատարած ավիահարվածները 86 խաղաղ բնակչի կյանք են խլել։ Վիրավորվել է մոտ 200 մարդ։

Թուրքական կողմն իր հերթին հայտնում է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքում «Աֆրինում ոչնչացվել է 597 ահաբեկիչ»։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերն սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.