Այսպես կոչված «կրեմլյան զեկույցը» ԱՄՆ-ի ներքին խնդիրները թաքցնելու փորձ է․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Այսպես կոչված «կրեմլյան զեկույցը» ԱՄՆ-ի իշխանությունների՝ երկրի ներքին խնդիրներն արտաքին սպառնալիքի տակ թաքցնելու հերթական փորձն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Ռուսաստանը և Չինաստանը որպես արտաքին վտանգ ներկայացնելու ամերիկյան նոր արտաքին քաղաքականությունն ամենից առաջ ուղղված է հասարակ ամերիկացիների ուշադրությունը երկրի ներքին բարդ իրավիճակից՝ տնտեսական և սոցիալական խնդիրներից շեղելուն», - ասել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս պահվածքը խոսում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունները չեն կարողանում արդյունավետ կերպով լուծել երկրի ներքին խնդիրները։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահ է, որ հենց այս նպատակն է դրված եղել Սպիտակ տան առջև ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման ժամանակ։

«Ընդ որում, եթե ազգային անվտանգության ռազմավարության մեջ ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիք է ներկայացվում ահաբեկչությունը, Իսլամական պետությունը, հետո Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը, ապա հունվարյան ռազմավարության մեջ սպառնալիքների առաջին շարքում ոչ թե ահաբեկչությունն է, այլ հենց Ռուսաստանը և Չինաստանը», - ընդգծել է Պատրուշևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝  Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների և խոշոր ձեռնարկատերերի 210 հոգուց բաղկացած ցուցակ։ Այս ցուցակում ընդգրկված անձինք կարող են հայտնվել Վաշինգտոնի սահմանափակող նոր միջոցների տակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.