Թուրքական բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվել Սիրիայի տարածքից

Սիրիական Աֆրինի շրջանից արձակված հրթիռը պայթել է թուրքական սահմանից ոչ հեռու։ Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, տեղի ունեցածի հետևանքով զոհեր չկան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռներն ընկել են թուրքական Քիլիս և Ռեյհանլը բնակավայրերի մոտ։ Քիլիսում երեք հրթիռների պայթյունի հետևանքով փլվել է մեկ շենք, իսկ Ռեյհանլըում հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։

Թուրքիայի Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները պարզել են հրթիռների արձակման վայրը և պատասխան հարված հասցրել այդ շրջանին։

Վերջին ժամանակներս բավական ակտիվացել են Սիրիայի տարածքից թուրքական բնակավայրերի ուղղությամբ հրթիռային հարվածները։ Սա կապված է սիրիական Աֆրինում թուրքական զինված ուժերի սկսած ռազմական գործողությամբ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։

Գործողությունը սկսելուց երկու օր անց Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կլքեն Սիրիայի տարածքը միայն վերջնական նպատակին հասնելուց հետո։ Նա նշել է նաև, որ իրենց գործողություններն «ուղղված են ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների միջանցք ստեղծելու դեմ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.