ԱՄՆ-ը ՄԱԿ-ին 350 հազար դոլար կտրամադրի Սիրիայում կատարված հանցագործությունների հետաքննության համար

ԱՄՆ-ը 350 հազար դոլար կտրամադրի Սիրիայում հանցագործությունների բացահայտման մեխանիզմի ֆինանսավորմանը, որն ստեղծվել է ըստ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2016 թ․ ընդունած բանաձևի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությանը։

«Միացյալ Նահանգները 350 հազար դոլար կտրամադրի Սիրիայում կատարված հանցագործությունների բացահայտման անկախ և անաչառ հետաքննության համար։ Հուսով ենք՝ այս մեխանիզմը կօգնի բացահայտել Ասադի վայրի ռեժիմի կատարած հանցագործությունները, այդ թվում՝ քիմիական զենքի կիրառման դեպքը», - ասվում է ամերիկյան ներկայացուցչության թվիթերյան էջում տեղ գտած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2016 թ․ դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել էր բանաձև, որով նախատեսվում էր ստեղծել Սիրիայում հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների բացահայտման «անաչառ և անկախ մեխանիզմ»։ Մեխանիզմի ստեղծմանը կողմ էր արտահայտվել 105 պետություն, այդ թվում նաև՝ Արևմուտքի ներկայացուցիչներ։ Դեմ էին արտահայտվել 15 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան, Չինաստանը և այլն։

Բանաձևի ընդունումից հետո ՄԱԿ-ում Ռուսաստանի այդ ժամանակվա ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ասամբլեան իրավասու չէ նման մեխանիզմ ստեղծելու։ Դիվանագետն ընդգծել էր, որ, քանի որ «այդ մեխանիզմը գործելու է կամավոր ֆինանսավորման միջոցով, հետևաբար այն պետք է գրանցի այնպիսի արդյունքներ, որոնք բավարարում են գումար տվողին»։ Չուրկինի խոսքով՝ հանցագործությունների բացահայտման մեխանիզմն «անկասկած կրելու էր «հակաասադական» բնույթ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.