ԱՄՆ Կոնգրեսում մեկնաբանել են «կրեմլյան զեկույցը»

Ամերիկացի կոնգրեսականները հիասթափված են, որ «կրեմլյան զեկույցի» հրապարակմանը չեն հաջորդել պատժամիջոցներ։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել է Սենատի՝ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Բեն Քարդինը։

Նրա խոսքով՝ այդ հարցով լրացուցիչ լսումներ դեռ կլինեն։ Քարդինը նշել է, որ Կոնգրեսը չի պատրաստվում հրապարակել զեկույցի չգաղտնազերծված հատվածները, քանի որ դա թույլատրված չէ։

Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանն, իր հերթին, հայտարարել է, որ այդ փաստաթուղթն ինքնին քիչ նշանակություն ունի, քանի որ այն ընդամենը ակնարկ է սահմանափակող նոր միջոցներ կիրառելու մասին։ Նրա խոսքով՝ այդպիսի ցուցակ պատրաստելն «այդքան էլ բարդ գործ չէ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների և խոշոր ձեռնարկատերերի 210 հոգուց բաղկացած ցուցակը, որում ընդգրկված անձինք կարող են հայտնվել Վաշինգտոնի սահմանափակող նոր միջոցների տակ։

Նշված 210 անձանցից 114-ը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ 96-ը՝ խոշոր ձեռնարկատերեր։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ տվյալ պահին այս անձանց նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվի, սակայն չի բացառվում հետագայում նրանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հրապարակված ցուցակը, հայտարարել է, որ սա «ոչ բարեկամական քայլ է, որը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.