Իտալիայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

Իտալիայի Մաչերատա քաղաքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է 7 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները։

La Repubblica թերթի փոխանցմամբ կրակն արձակվել է դեպքի վայրում գտնվող մեքենաներից մեկից, որն այդ պահին ընթանալիս է եղել։

Corriere della Sera-ն գրում է, որ կրակոցներին նախորդել է վեճը, որը ծագել է «ոչ եվրոպական արտաքինով մի քանի արտասահմանցիների միջև»։

Վարկած է շրջանառվում, որ զինված անձինք հաշիվներ են պարզել միանգամից մի քանի փողոցներում։

Լրատվամիջոցները հաղորդում են 4-ից 7 վիրավորների մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

«Քաղաքապետ Ռոմանո Կարանչինի կոչ է անում քաղաքի բնակիչներին դուրս չգալ տներից, աշխատանքի վայրերից, դպրոցներից, քանի որ քաղաքում շրջում է զինված խումբ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանգնեցվել է նաև քաղաքային տրանսպորտի գործունեությունը», - ասվում է Մաչերատայի քաղաքային իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ իրավապահներին հաջողվել է ձերբակալել կասկածյալին, որը 28-ամյա ոմն Լուկա Տրայանին է։ Նշվում է, որ ձերբակալության ժամանակ նա ձեռքը բարձրացրել է վեր՝ որպես ֆաշիստական ողջույնի նշան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.