Սիրիայի հյուսիսում թուրք զինծառայող է զոհվել

Եվս մեկ թուրք զինծառայող է զոհվել Սիրիայի հյուսիսում, որտեղ թուրքական բանակն իրականցնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Իդլիբում մեր հենակետերի վրա ահաբեկիչների կատարած հարձակման հետևանքով զոհվել է մեր զինծառայողներից մեկը, վիրավորվել՝ ևս հինգը․ տուժել է նաև մեկ քաղաքացիական անձ։ Ձեռքի տակ եղած միջոցներով անմիջապես արձագանքել ենք հարձակմանը և հակահարված տվել», - ասվում է թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքն Աֆրինից կհեռանա «միայն վերջնական նպատակին հասնելուց հետո»։

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի այս գործողությունը՝ այն համարելով ապօրինի ներխուժում այլ պետության տարածք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.