Իսրայելի հատուկ ծառայությունները ոչնչացրել են երիտասարդ ռաբբիին սպանած պաղեստինցուն

Իսրայելի հատուկ ծառայությունները ոչնչացրել են մի պաղեստինցու, որը հունվարի 9-ին Հորդանան գետի արևմտյան ափին սպանել էր Հավաթ Գիլադ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա ռաբբի Րազիել Շեվահին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։

«Փակեցինք մեր հաշիվները։ Շնորհավորում են մեր բանակին, ընդհանուր անվտանգության ծառայությանը (հակահետախուզություն) և ոստիկանության հատուկջոկատայիններին գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար։ Պարզ էր, որ դա միայն ժամանակի հարց է, մինչ մենք կհասնեինք ռաբբիի սպանության խմբավորման պարագլխին», - գրել է Լիբերմանը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի նաև հաշվեհարդար տեսնել իրենց հայրենակիցներին սպանած մյուս զինյալների հետ։

Ինչպես հայտնում է իսրայելական Kan լրատվականը, այսօր՝ փետրվարի 6-ին՝ վաղ առավոտյան, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Քֆար Յամուն գյուղում սպանվել է Ահմադ Ջարարը՝ ռաբբի Շեվահի սպանության կազմակերպիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Նաբլուս քաղաքի մերձակա մայրուղում անհայտ անձը կրակ էր բացել իսրայելական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով զոհվել էր Հավաթ Գիլադ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա ռաբբի Րազիել Շեվահը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր գտնել և պատժել հարձակումն իրականացնողին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.