Սիրիական Աֆրինում թուրքական ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 140 խաղաղ բնակիչ

Սիրիական Աֆրինում թուրքական ռազմաօդային ուժերի ավիահարվածների և հրետանակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում գրացնված զոհերի թիվը հասել է 142-ի։ Այս մասին գրում է SANA գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքի հիվանդանոցներից ստացված տվյալներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժշկական օգնություն է տրամադրվել 345 վիրավորների։ Հատկանշական է, որ զոհերի և տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են։

Հաղորդվում է, որ փետրվարի 5-ին թուրքական կողմը հրետանակոծել է «Կարմիր մահիկի»՝ Սիրիայի Ռաժո բնակավայրում գտնվող գրասենյակը, որտեղից բնակիչները դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ էին ստանում։ Շենքին հասցվել էր նյութական վնաս, իսկ մարդկային զոհերի կամ վիրավորների մասին լուրեր դեռևս չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքն Աֆրինից կհեռանա «միայն վերջնական նպատակին հասնելուց հետո»։

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի այս գործողությունը՝ այն համարելով ապօրինի ներխուժում այլ պետության տարածք։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.