ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը կրկին ստիպված է դադարեցնել գործունեությունը
ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատել բյուջեի ծրագիրը, և դաշնային կառավարությունը այսօր կեսգիշերից ավտոմատ կերպով կդադարեցնի գործունեությունը։
Սենատի կայքում նշված է, որ Կոնգրեսի վերին պալատն իր աշխատանքները կշարունակի կեսգիշերից հետո, այսինքն՝ բյուջեի վերջնաժամկետի ավարտից հետո։
Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ փետրվարի 7-ին դեմոկրատները և հանրապետականները հայտարարել էին բյուջեի հարցով երկու տարվա գործարքի մասին, որը կոչված է վերջ դնելու մշտական փակուղիներին և ժամանակավոր բյուջեների ընդունումներին։ Ընդ որում՝ ակնկալվում էր, որ հաջորդ երկու տարվա ընթացքում ծախսերը կարող են աճել 300 միլիարդ դոլարով։ Վերջին պահին, սակայն, հանրապետական սենատոր Ռենդ Փոլը պահանջել է քվեարկել իր փոփոխություններով, որը նախատեսում էր ֆինանսավորում ընթացիկ սահմանաչափերի շրջանակում։
Սա մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ամերիկյան կառավարությունը ստիպված է լինում դադարեցնել գործունեությունը։ Հունվարին դաշնային գերատեսչությունները որոշ ժամանակ գործում էին ընդհատումներով, որովհետև հերթական ժամանակավոր օրինագծի ընդունումը ձգձգվում էր։ Ավելի ուշ բյուջեն հաստատվեց մինչև փետրվարի 8-ը։