Իլհամ Ալիևը Երևանը համարում է պատմական ադրբեջանական տարածք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել իրեն հատուկ անհեթեթ հայտարարությամբ։ Այս անգամ նա իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության հերթական համագումարին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Երևանն ադրբեջանցիների պատմական տարածքն է, իսկ այստեղ «վերադառնալը պետք է լինի Ադրբեջանի ռազմավարական նպատակը»։
«Բոլորը պետք է իմանան, որ Երևանը, Զանգեզուրը մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, անպայման պետք է մի օր վերադառնանք այնտեղ։ Սա մեր ռազմավարական և քաղաքական նպատակն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան», - ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից, իսկ «երկրի մեկուսացումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական հողերը չեն վերադարձվել»։
Հատկանշական է, որ Ալիևի այս հայտարարությունը հաջորդել է Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքու կատարած այցելությանը։ Նշենք, որ Մինսկի խումբը ժամանել էր նաև Երևան, որտեղ նրանց ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա նաև՝ նախագահ Սերժ Սարգսյանը։