ԱՄՆ-ը չի բացառում Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը․ Նիկի Հեյլի

Վաշինգտոնը չի բացառում Սիրիայի կառավարական ուժերի եմ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, Չիկագոյի համալսարանի քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

«Ռազմական տարբերակը չի բացառվում ոչ մի իրավիճակում։ Մենք չենք ցանկանում լինել սիրիական հակամարտության կենտրոնում, սակայն ցանկանում ենք անել ամեն ինչ մարդկանց կյանքը քիմիական զենքից պաշտպանելու համար», - ասել է Հեյլին։

Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, որը, Հեյլիի կարծիքով, պաշտպանում է Ասադի կառավարությանը և խոչնդոտում մարդասիրական օգնության առաքումը Արևելյան Գուտա։

Դիվանագետը չի բացառել նաև, որ ԱՄՆ-ը կարող է կրկին ավիահարված հասցնել Սիրիային, ինչպես 2017 թ․ ապրիլին, եթե քիմիական զենքի կիրառման մասին տեղեկություններ ստացվեն։

«Հրթիռային հարվածները հենց այնպես չեն հասցվում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ովքեր են լինելու հարվածի շրջանում։ Նախագահ Թրամփը հասկացրել է, որ չի ցանկանում իր ծրագրերի մասին բարձրաձայնել, սակայն Ասադը շատ լավ հասկանում է, որ մենք գործի կանցնենք քիմիական զենքի կիրառման ապացույցներ ստանալու դեպքում», - ասել է Նիկի Հեյլին։

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել էր Սիրիայի իշխանություններին Արևելյան Գուտայում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում նշում էին, որ Մոսկվան, իր հերթին, ամեն ինչ անում է պաշտպանելու Ասադի կառավարությանը։

Ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի մեղադրանքները հիմնված են ընդամենը շշուկների, սոցցանցերում շրջանառվող գրառումների և ահաբեկիչների հայտարարությունների վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.