Երուսաղեմում ամերիկյան նոր դեսպանատունը կբացվի առաջիկա մայիսին․ ԱՄՆ պետքարտուղարութուն

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Երուսաղեմում ամերիկյան նոր դեսպանատունը բացել առաջիկա մայիսին։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումը պետք է համընկնի Իսրայելի հիմնադրման 70-ամյա տարեդարձի հետ։

Փետրվարի 23-ին Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարար Իսրայել Կացը նույնպես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Երուսաղեմում նոր դեսպանատան բացման օրը համընկեցնել հրեական պետության ստեղծման 70-ամյակի հետ, որը նշվելու է առաջիկա մայիսի 14-ին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ը վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև վրա։ Վերջինս անօրինական էր համարում յուրաքանչյուր որոշում, որը ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն։ Բանաձևի տեքսում կոչ էր արվում բոլոր պետություններին հրաժարվել դիվանագիտական ներկայացուցչությունները Երուսաղեմ տեղափոխելու մտքից։ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից միակն էր, որը դեմ քվեարկեց այս բանաձևին։   

Իսրայելը Երուսաղեմն արևելյան թաղամասերով հանդերձ համարում է իր «միակ և անբաժան մայրաքաղաքը», որը գրավվել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի (հայտնի նաև որպես Երրորդ արաբաիսրայելական պատերազմ անվանումով, - խմբ․) ընթացքում։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը մերձավորարևելյան այս հակամարտության կարևորագույն կողմն է, որը պետք է կարգավորվի պաղեստինցիների հետ բանակցությունների հիման վրա։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.