Իսպանիայի թագավորի՝ Բարսելոնա կատարած այցն ուղեկցվել է բողոքի ակցիաներով
Ավելի քան 19 մարդ էր տուժել Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորի՝ Բարսելոնա կատարած այցի կապակցությամբ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով իսպանական աղբյուրներին։
Նշվում է, որ փետրվարի 25-ին թագավորը ժամանել էր Mobile World Congress ցուցահանդեսի բացման ընթրիքին։ Ֆիլիպ 6-րդի այս այցը Կատալոնիա առաջինն էր 2017 թ․ հոկտեմբերին անցկացված անկախության հանրաքվեից հետո։
Բողոքի ակցիան կազմակերպվել էր այսպես կոչված «հանրապետության պաշտպանության կոմիտեի» (CDR) կողմից, որոնք քարոզում են Կատալոնիայի անկախությունը և հանրապետական արժեքները՝ հակակշռելով միապետական Մադրիդին։
Ակցիայի մասնակիցները դուրս են եկել փողոց տեղի ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով՝ 22:30, - խմբ․)՝ երբ թագավորը պետք է ժամաներ Կատալոնիայի երաժշտության պալատ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած, որ իրավապահների և ցուցարարների միջև եղել են բախումներ, ընդհանուր առմամբ ցույցը կրել է խաղաղ բնույթ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե, որը հակասահմանադրական է ճանաչել ինչպես Իսպանիայի կառավարությունը, այնպես էլ երկրի սահմանադրական դատարանը։ Հոկտեմբերի 27-ին արդեն Կատալոնիայի խորհրդարանը, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա, հատարարեց անկախության հռչակման մասին։
Անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։