ՌԴ ՊՆ-ն զգուշացնում է Սիրիայում քիմիական հարձակման նախապատրաստության մասին
Սիրիական Արևելյան Գուտայում անօրինական ռազմական խմբավորումները պատրաստվում են կիրառել քիմիական զենք։ Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Աղբյուրը հավաստիացնում է, որ 5 խմբավորման առաջնորդներ միավորվել են, որպեսզի կառավարական ուժերին մեղադրեն խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ։
«Արևելյան Գուտայում «Ջեբհաթ ալ-Նուսրա», «Ահրար ալ Շամ», «Ֆեյլակ ալ Ռահման», «Ֆաջր ալ Ումմա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների ղեկավարներն ստեղծել են գործողությունների կառավարման միասնական կենտրոն», - նշում են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Բացի այդ՝ ահաբեկիչները փակում են հակամարտության գոտիներից խաղաղ բնակչության հնարավոր բոլոր ելքերը։
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Սիրիայի տարածքում սահմանվում է կրակի դադարեցման 30 օրյա ռեժիմ և երկրում շարունակվում է մարդասիրական գործողությունների իրականացումը։
Փետրվարի 23-ին էլ մարդու իրավունքների պաշտպանության սիրիական ցանցի առաջնորդ Ահմադ Քասեմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի զինվորականներն սկսել են մոբիլիզացնել տարբեր խմբավորումների զինյալների, որոնք պետք է ուղարկվեն Արևելյան Գուտա՝ կռվելու Սիրիայի կառավարական ուժերի դեմ։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան նույնպես այս խմբավորման ահաբեկիչներին կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը՝ սիրիական բանակի դեմ կռվելու համար։