Հակառուսական նոր պատժամիջոցները կսահմանվեն 30 օրվա ընթացքում․ ԱՄՆ ֆինանսների նախարար

Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ կմտցնի 30 օրվա ընթացքում։ Այս մասին Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կսահմանվեն 30 օրվա ընթացքում։ Մենք իրագործում ենք գործող բոլոր պատժամիջոցները և սահմանում նորերը», - ասել է Մնուչինը։

Նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախարարը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմն աշխատում է հակառուսական նոր պատժամիջոցների նախապատրաստման վրա և մի քանի շաբաթվա ընթացքում կհայտարարի դրանք սահմանելու մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր այսպես կոչված «կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի Դաշնության պետական պաշտոնյաների և խոշոր ձեռնարկատերերի 210 հոգուց բաղկացած ցուցակը, որում ընդգրկված անձինք կարող են հայտնվել Վաշինգտոնի սահմանափակող նոր միջոցների տակ։

Նշված 210 անձանցից 114-ը պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, իսկ 96-ը՝ խոշոր ձեռնարկատերեր։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ տվյալ պահին այս անձանց նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվի, սակայն չի բացառվում հետագայում նրանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հրապարակված ցուցակը, հայտարարել է, որ սա «ոչ բարեկամական քայլ է, որը վնասում է ռուս-ամերիկյան հարաբերություններին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.