Սերժ Սարգսյանը չեղարկել է հայ-թուրքական արձանագրությունները
Այսօր՝ մարտի 1-ին, Սերժ Սարգսյանը չեղարկել է հայ-թուրքական արձանագրությունները։ Այս մասին, ինչպես «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, ՀՀ նախագահը հայտարարել է իր նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«ՀՀ նախագահի նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց ուժը», - ասել է Հակոբյանը։
Այս տեղեկությունը թվիթերյան գրառման միջոցով հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ 2009 թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» և երկու երկրների հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունները։
Ավելի ուշ Թուրքիան կտրուկ փոխեց իր դիրքորոշումը և հրաժարվեց «խելամիտ ժամկետներում և առանց նախապայմանների» երկկողմ հարաբերությունները կարգավորելու մասին ձեռք բերված համաձայնությունից։ Թուրքական կողմն որպես իր դիրքորոշման պատճառ նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։
2010 թ․ ապրիլի 22-ին արդեն ՀՀ նախագահի հրամանագրով կասեցվեց ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, իսկ 2015 թ․ փետրվարին կրկին նախագահի հրամանագրով արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից։
«Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չենք դարձրել Հայաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Ավելին, հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց։ Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - 2017 թ․ սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։