Գերմանիայի ԱԳ նախարարը չի լինի նոր կառավարության կազմում

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել է, որ չի լինելու Գերմանիայի նոր կառավարության կազմում։

«Ես չեմ լինելու Գերմանիայի նոր կառավարության կազմում», - գրել է նա՝ նշելով, որ այս մասին իրեն հաղորդել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ապագա ղեկավար Անդրեա Նալեսը և կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Օլաֆ Շոլցը։

Ինչպես հաղորդում էր Ռոյթերս գործակալությունը, կոալիցիայի մասին համաձայնագրի շրջանակներում որոշվել է, որ արտաքին գործերի նախարար նշանակելու իրավունքը պատկանում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Ակնկալվում է, որ կուսակցությունն իր որոշման մասին կհայտնի առաջիկա ուրբաթ։

Ավելի վաղ Գերմանիայի սոցիալ-դեմոկատները համաձայնել էին նոր կառավարություն ձևավորել Անգելա Մերկելի գլխավորած աջ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների դաշինքի հետ։

2017 թ․ սեպտեմբերին Գերմանիայում կայացել են Բունդեսթագի ընտրությունները, որից հետո սկսվել էին բանակցություններ կոալիցիայի ձևավորման հարցով։ Փետրվարի 7-ին Բեռլինում բանակցությունների մասնակիցները ներկայացրել են կոալիցիոն համաձայնության նախագիծը։

Նախնական գնահատականներով՝ կոալիցիան կձևավորվի առաջիկա մարտ-ապրիլ ամիսներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.