Լավրովը և Թիլերսոնը հյուրընկալել են նույն հյուրանոցում, սակայն չեն հանդիպել

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում չի կայացել։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Interfax-ին։

Նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները չեն հանդիպել, չնայած՝ հյուրընկալվել էին միևնույն հյուրանոցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում էր, որ Թիլերսոնի և Լավրովի հանդիպումը տեղի կունենա Աֆրիկայում գործնական շրջագայության շրջանակներում։ Նրանց հավանական բանակցությունների մասին օրեր առաջ հայտարարել էր նաև ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։ Պետքարտուղարության հավաստմամբ՝ նման առաջարկ իրենք չեն ստացել։

Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաև Սերգեյ Լավրովը․ «Ես չէի ցանկանում արտահայտվել այս թեմայով, սակայն այսօր իմացա, որ ամերիկացիները հայտարարել են, որ Ադիս Աբեբայում իմ և Թիլերսոնի միջև հնարավոր հանդիպման մասին քննարկումներ չեն եղել։ Քանի որ նրանք նման հայարարություն են արել, ես էլ ցանկանում եմ ասել, որ դա սուտ է»։

Նրա խոսքով՝ Ռեքս Թիլերսոնի հետ այս տարվա հունվարին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իրենք պայմանավորվել են հանդիպել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ադիս Աբեբայում բանակցություններ անցակցնելու առաջարկը հնչել է հենց այս նախնական պայմանավորվածության ժամանակ։

ՌԴ արտգործնախարարը աֆրիկյան շրջագայության ժամանակ բացի Եթովպիայից պետք է այցելի նաև Անգոլա, Մոզամբիկ, Զիմբաբվե և Նամիբիա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.