ՌԴ ԱԳՆ-ը խոստանում է պատասխանել ամերիկյան նոր պատժամիջոցներին

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցներն ավելի խստացնելու մասին կոչերի՝ Մոսկվան պատրաստվում է ընդլայնել «ամերիկյան գործիչների սև ցուցակը»։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան առաջնորդվելու է հավասարիրավության (պարիտետ) սկզբունքով։ Ռիբկովն ընդգծել է նաև, որ պատասխան այս քայլը Մոսկվայի ընտրությունը չէ և ոչ համապատասխանում է իրենց գործելաոճին։

«Մենք սա անում ենք միայն ԱՄՆ-ի քաղաքական կամակորության և իրականությունն ընկալելու անպատրաստության պատճառով։ Հնարավոր են նաև ուրիշ քայլեր, որոնք մենք կճշգրտենք՝ համապատասխանեցնելով մեր շահերին», - ասել է Ռիբկովը՝ հավելելով, որ Մոսկվան չի ցանկանում վերջնականապես «փակել ԱՄՆ-ի հետ երկխոսելու հնարավորության պատուհանը»։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև ամերիկացի գործիչներին կոչ է արել մտածել այն մասին, որ իրենք «խաղում են կրակի հետ, քանի որ, խաթարելով ռուս-ամերիկյան հարաբերությունները, միաժամանակ թուլանում է նաև գլոբալ կայունությունը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուսական 5 կազմակերպության և 19 անձանց նկատմամբ։ Վաշինգտոնի պնդմամբ՝ սահմանափակումների տակ ընկած անձինք միջամտել են ամերիկյան նախագահական ընտրություններին։

Պատժամիջոցները տարածվել են նաև ՌԴ Հետախուզության գխավոր վարչության 6 աշխատակցի վրա, որոնց թվում է գերատեսչության ղեկավար Իգոր Կորոբովը։

Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները սահմանվել են «ի պատասխան կիբերհարձակումների»։

ԱՄՆ պետքարտուղարությունում չեն բացառում, որ Մոսկվայի նկատամբ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև կապված «Սկրիպալի գործի» հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.