Ղրիմում Անկարային հիշեցրել են ռուս-թուրքական պայմանագիրը

Ղրիմի կառավարության ղեկավարի տեղակալ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը Թուրքիային հիշեցրել է հետպատերազմյան պայմանագրերը, որոնցում ընդունվում էր Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Մուրադովն այսպես է մեկնաբանել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ 2014 թ․ մարտին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն  հակաօրինական է, իսկ թերակղզու՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալը՝ բռնակցում։ Բացի այդ Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ղրիմի ներկայիս կարգավիճակը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և աջակցություն հայտնել Ուկրաինային տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում։

«Ցավալի է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մոռանում է այն, ինչը պետք է հիշել ընդմիշտ՝ պատերազմից հետո կնքված ռուս-թուրքական պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ համաձայն դրա՝ Թուրքիան վերջնականապես ընդունել էր Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ։ Ընդգծեմ՝ միայն Ռուսաստանի ինքնիշխանությունը», - ասել է Մուրադովը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև Ղրիմի հարցով այլ փաստաթղթեր չեն ընդունվել։

«Պատմությունը ցույց է տալիս, որ չափազանց վտանգավոր է մոռանալ, կամ առավել ևս մերժել այն համաձայնագրերը, որոնք կնքվել են արյունահեղության արդյունքում», - ընդգծել է պաշտոնյան։

15-րդ դարի վերջին Ղրիմի լեռնային մասերը և ծովափնյա քաղաքները մտնում էին Օսմանյան Կայսրության կազմի մեջ, իսկ թերակղզու մնացած շրջանները ղեկավարում էր կայսրության վասալը՝ Ղրիմի խանությունը։

1768-1774 թ․թ․ ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1774 թ․ Քյուչուք-Քայնարջա գյուղում կնքված պայմանագրով թուրքերը հրաժարվել են Ղրիմի նկատմամբ հավակնություններից։ 1783 թ․ Ղրիմը դարձել է Ռուսական Կայսրության մաս։

Խորհրդային Միության փլուզումից հետո թերակղզին մտավ Ուկրաինայի կազմ, իսկ 2014 թ․ անցկացված հանրաքվեի արդյունքում կրկին միավորվեց Ռուսաստանին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.