Բերման է ենթարկվել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին

Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին․ գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, Սարկոզին հարցաքննվում է 2007 թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Լիբիայի կառավարության կողմից  ապօրինի ֆինանսավորում ստանալու գործով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցաքննության է կանչվել նաև Սարկոզիի ամենամտերիմ օգնականներից մեկը՝ Բրիս Օրտեֆյոն, որը նրա նախագահության տարիներին գլխավորել է մի շարք նախարարություններ։

Վերոնշյալ երկու գործիչների հարցաքննությունն անցկացվում է Նանտեր քաղաքում գտնվող ոստիկանության շենքում։ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ Սարկոզիի ձերբակալությունը պետք է տևի 48 ժամից ոչ ավել․ դրանից հետո նրան կամ պետք է բաց թողնեն, կամ էլ՝ ձերբակալեն և մեղադրանք առաջադրեն։

Ավելի վաղ Սարկոզիին կրկին հարցաքննության էին կանչել ցուցմունք տալու Լիլիան Բետանկուրի կողմից 2007 թ․ իր նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման կասկածների վերաբերյալ։ Ավելի ուշ, սակայն, մեղադրանքները հանվեցին։

Լիբիայի իշխանությունները Սարկոզիի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու մասին առաջին անգամ հայտարարել են 2011 թ․ մարտին։ Մասնավորապես՝ Մուամմար Քադդաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամը, Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախկին նախագահից պահանջել էր ընդունել այն փաստը, որ լիբիական կառավարությունը ֆինանսավորել է իրենց։ Սրան հաջորդեց Ֆրանսիայի անկախ լրագրողների հետաքննությունը, որոնք նույնպես պահանջում էին հաստատել այս տեղեկությունները։ Անձամբ Սարկոզին մինչև այսօր կտրականապես հերքում է ֆինանսավորում ստանալու մասին լուրերը։

Կոնկրետ Լիբիայի իշխանությունների կողմից ֆինանսավորում ստանալու գործի առնչությամբ Սարկոզին հարցաքննության է կանչվում առաջին անգամ, չնայած՝ այս գործի քննությունն սկսվել է 5 տարի առաջ։

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.