Աֆրինում Թուրքիայի գործողությունները խանգարում են ԻՊ-ի դեմ պայքարին․ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիա

Աֆրինում սկսված ռազմական գործողությունը շեղում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF - Syrian Democratic Forces, - խմբ․) զորամիավորման ուշադրությունը Իսլամական պետության դեմ պայքարից։ Այս մասին Ռիա Նովոստի-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը։

Նրա խոսքով՝ SDF-ը, որի անդամների գերակշռող մասը քրդեր են, ուժերը կենտրոնացրել է Աֆրինում՝ այնտեղ ուղարկելով մոտ 1700 մարտիկների։

«Այժմ սահմանափակված են Իսլամական պետության դեմ ինտենսիվ գործողություն կատարելու և նրանց վրա ճնշում գործադրելու մեր հնարավորությունները։», - նշել է ամերիկացի զինվորականը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերն սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքն Աֆրինից կհեռանա «միայն վերջնական նպատակին հասնելուց հետո»։

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի այս գործողությունը՝ այն համարելով ապօրինի ներխուժում այլ պետության տարածք։

Համաձայն մի շարք աղբյուրների՝ գործողության մեկնարկից ի վեր Աֆրինը լքել է մոտ 323 հազար բնակիչ։

Նախորդ շաբաթ ամերիկյան կողմն իր անհանգստությունն էր հայտնել Աֆրինում հումանիտար իրավիճակի վատթարացման առիթով։ Պետքարտուղարությունում նշել էին, որ թուրքական բանակի կողմից սպառնացող վտանգի պատճառով տարհանվել են քաղաքում բնակվող քրդերը։

Թուրքիայի ԱԳՆ-ն, իր հերթին, նշել էր, որ գործողությունն ուղղված է ահաբեկիչների, ոչ թե՝ խաղաղ բնակչության դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.