Իսպանիայում ձերբակալվել է ռուսական բանկերի նկատմամբ խոշոր կիբերհարձակումներ իրականացնող հաքերը

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի մի քաղաքացու, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր հաքերներից մեկը։ Նա գրոհել է ռուսական հարյուրավոր բանկեր և բանկոմատներ։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Խուան Իգնասիո Սոիդոն․ փոխանցում է Ռիա Նովոստի-ն։

«Սա ազգային ոստիկանության լրջագույն գործողություններից մեկն է ավելի քան մեկ միլիարդ դոլարի չափով հափշտակությունների պատճառ դարձած կիբերհանցագործությունների դեմ պայքարում։ Հետաքննությունը տևել է մոտ երեք տարի։ Այս մարդը կանգնած է ամբողջ աշխարհում հարյուրավոր կիբերհարձակումների կազմակերպման հետևում։ Նա դատարկել է բանկոմատներ և բանկային հաշիվներ։ Կիբերհարձակումները կատարվել են Ռուսաստանի գրեթե բոլոր բանկերի նկատմամբ», - Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սոիդոն։

Իսպանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ հանցագործներին հաջողվել է գրոհել Ռուսաստանի մոտ 300-400 բանկեր։ Խոշոր բանկերից հարձակման չի ենթարկվել միայն «Сбербанк»-ը։ Մոտ 50 բանկերից հաջողվել է գումար հափշտակել։ Չնայած՝ հարձակումը տարածվել է նաև այլ պետությունների վրա, սակայն հանցագործների գլխավոր թիրախը եղել են ռուսական բանկերը։

Ուկրաինայի այս քաղաքացին նախկինում պատիժ է կրել Ռուսաստանում, այնուհետև՝ 2014 թ․, Ուկրաինայից տեղափոխվել է Ալիկանտե։ Այժմ նա բանտում է․ գործը փոխանցվելու է Ազգային դատարանին, իսկ արտահանձման հարց դեռ չի քննարկվում։

Բացի ձերբակալվածից, հարձակմանը մասնակցել են ևս երեք հոգի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանք ուղղակիորեն չեն շփվել միմյանց հետ։ Հանցագործները կարողացել են միանալ բանկոմատներին և բանկերի տեղեկատվական համակարգին, ինչը թույլ է տվել կանխիկացնել գումարներ։ Հարձակումներից հետո այդ գումարները փոխարինվել են կրիպտոարժույթով։ Յուրաքանչյուր հարձակման վնասի չափը իսպանացի իրավապահները գնահատում են մոտ 1,5 միլիոն դոլար։ Վիրուսները բանկային համակարգ են թափանցել էկելտրոնային փոստի միջոցով։ Բացի Ռուսաստանից հարձակումներ են իրականացվել նաև Բելառուսում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և Թայվանում։ Բացի այդ, հանցագործները 2017 թ․ հարձակումներ են գործել նաև Մադրիդի բանկոմատների վրա։

Իրավապահներին հաջողվել է պարզել խմբավորման 15 անդամի ինքնություն։

Բացի Իսպանիայի ոստիկանությունից, գործողությանը մասնակցել են նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, Բելառուսի, Ադրբեջանի և Թայվանի իրավապահները։

Ձերբակալված հաքերի առանձնատանը զննությամբ հայտնաբերվել է 500 հազար եվրո, թանկարժեք երկու ավտոմեքենա։ Արգելափակվել է նրա բանկային հաշիվները, կալանք է դրվել նրա առանձնատների վրա, որոնք գնահատվում են մոտ մեկ միլիոն եվրո։ Նրա հաշվին կա 15 հազար բիթքոին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.