Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահի հետ

Հյուսիսաին Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընի այցը Պեկին տևել է մարտի 25-ից մինչև 28-ը։ Չինաստանի նախագահի խոսքով՝ իրենք շարունակելու են ամրապնդել կապերը Հյուսիսային Կորեայի հետ հանուն տարածաշրջանային և համաշխարհային կայունության և երկու պետությունների ընդհանուր շահերի  պաշտպանության։

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք Չինաստանի և ԿԺԴՀ-ի երիտասարդության ներկայացուցիչների միջև շփումներին», - ասել է Սի Ցզինպինը՝ հավելելով, որ Կիմ Չեն Ընի այցը խոսում է Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու նրա մեծ ցանկության մասին։

Սի Ցզինպինի խոսքով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցությունը մեծ ներդրում են ունեցել սոցիալիզմի զարգացման գործում։

Կիմ Չեն Ընն իր հերթին հայտարարել է, որ ԿԺԴՀ իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում Չինաստանի հետ միջկուսակցական կապերի ամրապնդմանը։ «Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը մեր որոշումն է, և ոչինչ չի կարող ազդել դրա վրա», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերով։ Հատկանշական է, որ Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը կարող է տեղի ունենալ, եթե Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան արձագանքեն մեր քայլերին, ինչպես նաև խաղաղության մթնոլորտ ստեղծեն։ Այժմ իրավիճակը շարժվում է ճիշտ ուղղությամբ», - ասել է Կիմ Չեն Ընը։

Սի Ցզինպինն իր հերթին նշել է, որ Փհենյանը մեծ ներդրում է ունեցել Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու գործում։

Կիմ Չեն Ընը և նրա կինը՝ Լի Սոլ Ուժուն, շնորհավորել են Սի Ցզինպինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Վերջինս հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդը և նրա կինը կարող են պարբերաբար այցելել Պեկին։

Կիմ Չեն Ընը կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ Սի Ցզինպինը վայելում է Չինաստանի ժողովրդի և իշխող կուսակցության ահռելի աջակցությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.