Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է, որ նախագահ Մակրոնն առաջիկա մայիսին կայցելի Մոսկվա

Շարունակվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ առաջիկա մայիսին Մոսկվա այցելության նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

«Ինչպես հաղորդել ենք ավելի վաղ, այդ այցը նախատեսված է։ Տվյալ պահին իրավիճակն այսպիսին է», - ասել է Լե Դրիանը։

Պատասխանելով Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին հարցին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ «միայն Ռուսաստանը կարող է արտադրել «Новичок» անունով թունավոր գազ»։

«Չի կարող լինել ավելի համոզիչ բացատրություն քան այն, որ Ռուսաստանն առնչություն ունի տեղի ունեցածին։ Եվ հենց այսպիսի հայտարարությամբ է Ֆրանսիան հանդես գալիս, սակայն Մոսկվան չի արձագանքում սրան։ Հենց այս փաստը հաշվի առնելով էլ՝ նախորդ շաբաթ կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ձեռնարկվեցին հակաքայլեր, և նախագահ Մակրոնը որոշեց արտաքսել ռուս դիվանագետներին», - նշել է Լե Դրիանը։

«Մենք, ամեն դեպքում, ցանկանում ենք երկխոսություն ունենալ Մոսկվայի հետ՝ կոչ անելով նրան պահպանել միջազգային իրավուքի նորմերը», - ավարտել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ անդամ մի շարք պետություններ, ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան և այլն, հայտարարել էին, որ արտաքսում են ռուս դիվանագետների՝ կապված այս տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլբսերի քաղաքում ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքի հետ, որում Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.