Չի բացառվում, որ կարող են սառեցվել ԱՄՆ-ում ռուսական ակտիվները․ Մոսկվայում ԱՄՆ դեսպան

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը РБК-ի հետ զրույցում չի բացառել, որ կարող են սառեցվել ԱՄՆ-ում ռուսական ակտիվները։

«Իհարկե, դա հնարավոր է», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Նա նշել է, որ չգիտի, թե ինչ ապագա է սպասվում երկու պետություններին։ «Ես հույս ունեմ, որ մեզ, ամեն դեպքում, հաջողվի կայունացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները», - ասել է դեսպանը։

Հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում կալանք դնել ռուսական ակտիվների վրա, եթե Մոսկվայի դիվանագիտական սեփականության նկատմամբ գործում է վերջինիս անձեռնմխելիությունն ապահովող Վիեննայի կոնվենցիան, Հանթսմանը պատասխանել է, որ բացի «այդ կոնվենցիայից գործում են նաև այլ համաձայնագրեր»։

«Գոյություն ունի Վիեննայի կոնվենցիան, որը երաշխավորում է դիվանագիտական անձեռնմխելիություն։ Դրանով առաջնորդվում են յուրաքանչյուր իրավիճակ քննարկելիս։ Սակայն գոյություն ունեն նաև այլ համաձայնագրեր, որոնք կնքվել են տարբեր ժամանակներում, և որոնք այս կամ այն կերպ վերաբերում են դիվանագիտական սեփականությանը և դրա անձեռնմխելիությանը։ Այդ պատճառով էլ, պետք չէ ենթադրություններ անել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», - շարունակել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանը։

Խոսելով Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքի մասին՝ նա նշել է, որ «պատասխանատու գործընկերներն այդպես չեն վարվում»։

«Աշխարհի տարբեր մասերում կատարվող իրադարձությունները չեն խոսում պատասխանատու գործընկերության մասին, որը մենք կցանկանայինք ունենալ։ Վախենում եմ, որ մենք չենք կարող նորմալ հարաբերություններ ունենալ, քանի դեռ կառուցողական կերպով չենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները», - ընդգծել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ «ռուս-ամերիկյան հարաբերություններն, ամեն դեպքում, ինչ-որ պահի կկարգավորվեն»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.