Բրիտանացի իրավապահները չեն բացառում, որ Սկրիպալին կարող են թունավորած լինել հնդկաձավարի միջոցով

Նյութը, որով թունավորել են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, կարող է եղած լինել նրա դստեր՝ Յուլիայի ստացած նվերներում։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով բրիտանական The Sun պարբերականին։

Աղբյուրի փոխանցմամ՝ Սկրիպալը խնդրել է իրեն Ռուսաստանից բերել հնդկաձավար, դափնու տերև և այլ համեմունքներ։ Յուլիան, սակայն, մոռացել էր դրանք գնել և իր ընկերուհուն էր խնդրել բերել դրանք, իսկ ընկերուհին Մեծ Բրիտանիա էր ժամանելու հաջորդ թռիչքով։

Նշվում է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել է Յուլիայի ծանոթին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հայտնի է միայն, որ վերոնշյալ ծանոթը ՌԴ-ում աշխատել է բժշկական ինչ-որ խոշոր կենտրոնում։ The Sun-ի փոխանցմամբ` ոստիկանությունը չի բացառում, որ թունավոր նյութը կարող է եղած լինել մասնավորապես հնդկաձավարի մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են А234 կոչվող նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.