Դիվանագետների փոխադարձ արտաքսման հարցում առաջինը պետք է կանգ առնի Արևմուտքը․ Լավրով

Հարցը, թե ինչքան կարող է ձգվել դիվանագետների փոխադարձ արտաքսումը, կախված է ոչ թե Ռուսաստանից, այլ Արևմուտքից։ Առաջինը պետք է կանգ առնի հենց Արևմուտքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախկինում՝ մանկությունում, մենք ասում էինք․ ով առաջինը սկսել է, նա էլ պետք է առաջինը կանգ առնի։ Մենք չենք ցանկանում համեմատվել մանկության խաղերի հետ, սակայն Արևմուտքի մեր գործընկերներն այժմ հենց այդպես էլ վարվում են», - ասել է Լավրովը՝ նշելով, որ դիվանագիտության մեջ գոյություն ունի փոխադարձության սկզբունքը, որը հետևողականորեն կիրառվելու է։

«Շատ է ասվում, որ այժմ երկրների միջև հարաբերություններն ավելի վատ են, քան եղել են դասական սառը պատերազմի տարիներին, քանի որ այն ժամանակ պահպանվել են որոշակի սահմաններ։ Հիմա մեր Արևմուտքի գործընկերները դիմում են բացարձակ ստի և ապատեղեկատվության, մինչդեռ Մոսկվան արձագանքում է բավական զուսպ և սառնասիրտ կերպով՝ պնդելով յուրաքանչյուր մեղադրանք հիմնավորել ապացույցներով», - շարունակել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներն արտաքսել էր 60 ռուս դիվանագետի և փակել Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը։ Չորսական ռուս դիվանագետների էին արտաքսել Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Կանադան, երեքական՝ Չեխիան, Մոլդովան, Լիտվան, երկուական՝ Իտալիան, Իսպանիան, Ավստրալիան, Դանիան, Նիդերլանդները և Ալբանիան, իսկ Հունգարիան, Բելգիան, Իռլանդիան, Վրաստանը, Նորվեգիան, Լատվիան, Մակեդոնիան, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան, Խորվաթիան, Չեռնոգորիան և Էստոնիան արտաքսել էին մեկական դիվանագետի։ Ուկրաինան արտաքսել էր միանգամից 13 դիվանագետի, իսկ ՆԱՏՕ-ն կազմակերպությունում ՌԴ առաքելության անդամների թիվը նվազեցրել էր 10-ով։ Եվրոպական Միությունը խորհրդակցության նպատակով հետ էր կանչել Մոսկվայում իր դեսպանին։ Նույն կերպ էին վարվել նաև Սլովակիան, Պորտուգալիան, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը և Մալթան։ Այս ամենը տեղի էր ունեցել Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքից հետո, երբ Մեծ Բրիտանիան տեղի ունեցածի մեջ մեղադրել էր Մոսկվային։

Իր հերթին ՌԴ հայտարարեց վերոնշյալ բոլոր պետություններին հայելային պատասխան տալու մասին։ Մոսկվան պահանջել էր նաև երկրից հեռանալ բրիտանացի 50 դիվանագետների, որպեսզի ՌԴ-ում աշխատող բրիտանացի դիվանագետների թիվը համապատասխանեցվի Մեծ Բրիտանիայում աշխատող ռուս դիվանագետների թվին։

Աղբյուր՝  http://tass.ru/politika/5087244

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.