Չինաստանը մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան մի շարք ապրանքների վրա

Չինաստանը մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների վրա։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։

«Չինաստանի պետական խորհուրդը որոշել է 25% մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 14 տեսակի 106 անուն ապրանքների վրա, այդ թվում՝ սոյայի լոբու, ավտոմեքենաների, քիմիական արդյունաբերության ապրանքների վրա», - նշում է աղբյուրը։

Այս քայլը Պեկինի պատասխանն էր ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների հարկային հավաքագրմանը։

Առևտրային այս միջոցառումների ժամկետները կախված են այն բանից, թե երբ Միացյալ Նահանգների իշխանությունները կհայտարարեն Չինաստանի ներկրվող ապրանքների  վրա դրույքաչափեր սահմանելու մասին։

Ռիա Նովոստի-ն հիշեցնում է, որ այս տարվա մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին»։ Փաստաթուղթն ընդունվել է ամերիկյան արտադրանքի մտավոր սեփականության իրավունքի խախտման հարցով Չինաստանի կառավարության նկատմամբ նախորդ տարվա օգոստոսին սկսված հետաքննության արդյունքում։ Այն թույլ է տալիս միակողմանի սահմանափակումներ մտցնել Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։

Օրեր առաջ ԱՄՆ-ը հրապարակեց չինական մոտ 1300 ապրանքներից կազմված մի ցուցակ, որտեղ նշված ապրանքների նկատմամբ կարող են սահմանվել ներկրման մաքսատուրքեր։ Այսպես ԱՄՆ-ը պատրաստվում է հաղթահարել Չինաստանի հետ բազմամիլիարդանոց առևտրային դեֆիցիտը։ Ամերիկյան վարչակազմի հաշվարկներով՝ նշված դրույքաչափերի սահմանումից հետո Չինաստանը կարող է կորցնել տարեկան մոտ 50 միլիարդ դոլար։

ԱՄՆ-ում նշում են, որ սա միայն առաջին քայլերն են առևտրի ոլորտում Չինաստանին հակազդելու հարցում։

Պեկինը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում առևտրային պատերազմի մեջ մտնել, սակայն պատրաստ է պաշտպանել սեփական ազգային շահերը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.