Սկրիպալի թունավորման գործում Մոսկվայի մեղավորությունը ապացուցված չէ․ Լիտվայի վարչապետ

Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը կարծում է, որ Սկրիպալի թունավորման մեջ Ռուսաստանի մեղավորությունն ամբողջությամբ հաստատված չէ։ Նա Մեծ Բրիտանիային կոչ է արել ներկայացնել անհերքելի ապացույցներ։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Ես կարծում եմ՝ ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ՝ արտասահմանցի մասնագետները պետք է տան հստակ պատասխան և վերջակետ դնեն այս գործին։ Մեծ հավանականություն կա, որ Մոսկվան առնչություն ունի թունավորման հետ, սակայն մեծ հավանականությունը չի կարող համարվել դա ապացուցող հարյուր տոկոսանոց փաստ։ Ես հույս ունեմ, որ այս գործի հետաքննությամբ զբաղվող մասնագետներն ի վերջո կկարողանան տրամադրել անհերքելի ապացույցներ», - Ziniu radijas ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Լիտվայի վարչապետը։

Լիտվան իր հերթին նույնպես արտաքսել էր ռուս 3 դիվանագետի։ Վիլնյուսում ՌԴ դեսպանատունն այս առիթով բողոքի նոտա էր հղել Լիտվայի ԱԳ նախարարությանը՝ պահանջելով հիմնավորել այդ որոշումը և փաստեր ներկայացնել Սկրիպալի թունավորման մեջ Մոսկվայի առնչության վերաբերյալ։ Ինչպես նշել էր Լիտվայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ուդալցովը, լիտվական կողմից ոչ մի ապացույց չի ներկայացվել։

Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։

Ավելի ուշ բրիտանացի մասնագետները հայտարարեցին, որ կիրառվել է «Новичок» կոչվող թունավոր նյութը, սակայն դրա ծագման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.