Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը չի կարողացել կոնկրետ պատասխանել Սկրիպալի թունավորման գործում կոնկրետ փաստեր ունենալու մասին հարցին

Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդը չի կարողացել պատասխանել բրիտանական Սոլսբերիում ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Ռուսաստանի մեղավորությունն ապացուցող փաստերի մասին գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի լրագրողի տված հարցին։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, դեսպանի հետ զրույցի ձայնագրությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 6-ի առավոտյան։

Սկրիպալների թունավորման գործում Մոսկվայի մեղավորությունն ապացուցող փաստերի առկայության վերաբերյալ լրագրողի ուղիղ հարցին դեսպան Վուդը պատասխանել է՝ հնչեցնելով բրիտանական կողմի տարբերակը, թե իբր այդ նյութը, որով կատարվել է հարձակումը, մշակվել է Ռուսաստանում։

Նրա խոսքով՝ Լոնդոնում եկել են այն եզրահանգման, որ «մեծ հավանականությամբ հենց ՌԴ իշխանություններ են կազմակերպել Սկրիպալի թունավորումը»։

Լրագրողի այն նկատառմանը, որ «մեծ հավանականության» փոխարեն անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ, բրիտանացի դիվանագետը արձագանքել է՝ հիշելով եվրոպացի դաշնակիցների համերաշխությունը և սեփական քաղաքացիներին պաշտպանելու պատասխանատվությունը։

«Մենք մեր ապացույցներով կիսվել են մեր դաշնակիցների հետ, և նրանք դա համոզիչ են համարել», - ասել է Վուդը։

Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։

Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։

Ավելի ուշ բրիտանացի մասնագետները հայտարարեցին, որ կիրառվել է «Новичок» կոչվող թունավոր նյութը, սակայն դրա ծագման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.