Ռուս զինվորականները Սիրիայում խանգարում են ամերիկյան անօդաչու թռչող սարքերին

Ռուս զիվորականները մի քանի շաբաթ առաջ սկսել են խանգարել Սիրիայում ամերիկյան անօդաչու սարքերին՝ արգելափակելով GPS համակարգերը։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով NBC News-ին։

Նշվում է, որ դրոնները հաճախ օպերատորներին են փոխանցում գտնվելու վայրի մասին սխալ տեղեկություններ, իսկ GPS համակարգերի արգելափակումները պատճառ են դառնում անօդաչու սարքերի վթարման։

NBC-ի զրուցակցի խոսքով՝ նման իրավիճակը լրջագույն ազդեցություն է ունենում Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ GPS-ի արգելափակման համար օգտագործվող սարքավորումները  մշակվում են ռուս զինվորականների կողմից։

Դրանք գերազանցում են անօդաչու սարքերի վրա տեղադրված «հակախլացուցիչներին», ինչպես նաև կարող են արգելափակել որոշ կոդավորված ազդանշաններ։

Այս լուրերի պաշտոնական հաստատման կամ հերքման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Պենտագոնի ներկայացուցիչը լրատվականի հետ զրույցում չի նշել ամերիկյան անօդաչու սարքերի կործանման պատճառները։ Նրա խոսքով՝ ամերիկյան բանակը միջոցներ է ձեռնարկում անօդաչու սարքերի անվտանգությունն ապահովելու համար։

Այս տարվա փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Սիրիայում ռուս մասնագետներն սկսելու են խլացնել բջջային կապը ռազմաբազաների և դրանց հարակից տարածքներում։ Այս որոշումն ընդունվել էր Հմեյմիմ բազայում անօդաչու սարքերի մի քանի գրոհներից հետո։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.