ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դեռ համատեղ որոշում չեն ընդունել Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռ չեն կարողացել համատեղ որոշում ընդունել Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդակցություններ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակմանը համատեղ պատասխան տալու վերաբերյալ։ Նրանք քննարկել են Սիրիային մինչև այս շաբաթվա վերջ հարված հասցնելու հնարավորության հարցը։

Նշվում է, սակայն, որ պետությունների ղեկավարներից ոչ մեկը չի ընդունել վերջնական որոշում։

Քննարկվել է նաև ան տարբերակը, որ ռազմական արշավը գլխավորի Ֆրանսիան, ոչ թե ԱՄՆ-ը։ Ռազմական գործողությունը պետք է ընդգծի «միջազգային միասնությունը և հակազդի Սիրիային աջակցություն ցույց տվող Ռուսաստանին և Իրանին»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս համատեղ որոշում կկայացվի, և կոչ է արել «հզոր պատասխան տալ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսել՝ կապված Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման հետ։

Եվրոպական Միությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել է այդ ռազմական գործողության ժամանակ ռուս զինվորականների տուժելու դեպքում ԱՄՆ-ին սպասվող ծանր հետևանքների մասին։

Ավելի վաղ հրավիրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, երբ ԶԼՄ-ներում սկսեցին լուրեր շրջանառվել Սիրիայի Դումա քաղաքում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, ինչի հետևանքով, իբր, զոհվել էր մի քանի տասնյակ խաղաղ բնակիչ։

Աղբյուր՝ http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5113087

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.