Ամերիկյան ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայում ռուսական ռազմաբազայի մոտ

Ամերիկյան 7 ռազմական ինքնաթիռներ, միմյանց փոխարինելով, հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ, որտեղ տեղակայված է ռուսական Հմեյմիմ ռազմաբազան և ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովվման կենտրոնը։

Հետախուզությունն իրականացրել են ամերիկյան ռազմաօդային ուժերի վեց P-8A Poseidon ինքնաթիռները, ինչպես նաև՝ ռադիոէլեկտրոնային հետախուզության EP-3E Aries II ինքնաթիռը։ Սիրիայի մոտակայքում թռիչքներ է իրականացրել նաև բրիտանական  Sentinel R.1 հետախուզական ինքնաթիռը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին խորհուրդ էր տվել պատրաստվել Սիրիայի նկատմամբ հրթիռային հարձակմանը։

«Ռուսաստանը խոստանում է չեզոքացնել Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները։ Պատրաստվիր Ռուսաստան, քանի որ այս հրթիռները նոր են, բավական լավը և խելացի», - իր թվիթերյան էջում գրել էր ԱՄՆ Նախագահը։

Մինչ այս պահը Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին որոշում դեռ չի ընդունվել, չնայած՝ Թրամփը սկզբում խոստացել էր այս մասին որոշումը կայացնել 48 ժամվա ընթացքում։

Ավելի ուշ ամերիկացի դիվանագետները հայտարարեցին, որ շարունակելու են ուսումնասիրել հետախուզական տվյալները և խորհրդակցելու են իրենց դաշնակիցների հետ։

Ավելի վաղ Սիրիայի մի շարք ոչ կառավարական ուժեր հանդես են եկել պնդմամբ, որ Դումա քաղաքում հակառակորդը կիրառել է քիմիական զենք։ ՌԴ արտգործնախարարությունն այս լուրերը համարել է զրպարտություն՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել։

Ապրիլի 9-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետները զննել են ենթադրյալ քիմիական հարձակման վայրը և չեն հայտնաբերել քիմիական նյութերի հետքեր։

Աղբյուր՝  https://www.vesti.ru/doc.html?id=3006512&tid=95994

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.