ՌԴ Պետդումա է ներկայացվել ամերիկյան պատժամիջոցներին հակազդելու մասին օրինագիծ

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները և Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել են օրինագիծ ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականությանը հակազդելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

«Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ բարեկամական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ քննարկումների ժամանակ մենք խոսել ենք ԱՄՆ-ի գռեհիկ վարքագծին և ռուսական բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծելուն հակազդելու անհրաժեշտության մասին», - լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը։

Վոլոդինի խոսքով՝ օրինագիծը քննարկվելու է բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա ներկայացվելու է կառավարություն, որից հետո կրկին քննարկման է դրվելու Պետդումայում։

Նշվում է, որ օրինագիծը մշակվել է որպես հակաքայլ ԱՄՆ-ի ոչ բարեկամական, հակակառուցողական գործունեությանը, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցներին։

Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովի խոսքով՝ օրինագիծը չի տարածվելու անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրա։

Վլադիմիր Ժիրինովսկին, իր հերթին, նշել է, որ այս օրինագծի շրջանակներում կառավարությունը կկազմի ցուցակ, որում ընդգրկված ԱՄՆ քաղաքացիներին կարգելվի մուտք գործել Ռուսաստան։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս խոշոր ձեռնարկատերերի, պետական աշխատողների, պետական կորպորացիաների ղեկավարների, մասնավոր ընկերությունների և 2 պետական կառույցների նկատմամբ։ Ամերիկացիներին այսուհետ արգելված է որևէ գործնական առնչություն ունենալ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիգուրանտների հետ։

Պատժամիջոցների ցանկում են ընդգրկվել «Кубань», «Базовый элемент», «B-Finance», «En+», «Евросибэнерго», «Группа ГАЗ», «Газпром», «Ладога менеджмент», «NPV Engineering», «Ренова», «Русские машины», «Русал» ընկերությունները։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.