Քիմիական նյութերը Սիրիա են բերվել Լիբիայի տարածքից․ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

Սիրիայում հակամարտության ընթացքում կիրառված թունավոր նյութերը երկիր են բերվել Լիբիայի տարածքից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի միջնորդությամբ, իսկ այդ նյութերի կիրառմամբ գործողությունները կոորդինացրել է Հայսամ ալ-Կասար անունով ինչ-որ մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։

«Ահաբեկիչներն այդ նյութերը շատ վաղուց ստացել են Լիբիայից՝ լիբիական քիմիական նյութերի պահուստներից։ Այս գործողությունն իրականացվել է թուրքական, ամերիկյան, սաուդական և ֆրանսիական հետախուզությունների օժանդակությամբ։ Քիմիական նյութերը մարդատար նավերով բերվել են Ստամբուլի նավահանգիստ, իսկ նյութերի փոխադրման համար պատասպանատու անձնավորության անունը Հայսամ ալ-Կասար է», - ասել է դիվանագետը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Սիրիայի իշխանությունները «բառացիորեն 1001 անգամ ժխտել են սեփական ժողովրդի դեմ որևէ տեսակի քիմիական նյութ կիրառելու մասին մեղադրանքները»։

«Մենք սրա վերաբերյալ ներկայացրել ենք մեր բոլոր փաստարկները։ Եկել է ժամանակը մարսելու այն, ինչ ասել ենք», - նշել է Ջաաֆարին։

Մի շարք հասարակական կազմակերպություններ պնդում են, որ ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում կառավարական ուժերը կիրառել են քիմիական զենք։ ՌԴ ԱԳՆ-ը այս տեղեկությունները համարում է զրպարտություն՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել։

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը ենթադրյալ քիմիական հարձակման վայր է ուղարկել մասնագետների խմբեր, որոնք իրենց աշխատանքը կսկսեն ապրիլի 14-ից։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5120298

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.