Էրդողանն արդարացված է համարում ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիայի հրթիռակոծությունը

Թուրքիան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծությունը համարում է ճիշտ քայլ։ Այս մասին Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անհնար է անպատասխան թողնել Ասադի ռեժիմի կողմից կատարված քիմիական հարձակումը։ Մենք արդարացված ենք համարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից սիրիական ռեժիմի դեմ կատարված ռազմական գործողությունը», - ասել է Էրդողանը։

Նա նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել Սիրիայում սկսված ռազմական գործողությունը։

«Այսօր առավոտյան ես այս հարցը քննարկել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, իսկ ավելի ուշ քննարկելու եմ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ», - ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Մեյի հետ քննարկվել է նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Էրդողանը կարևորել է նաև Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է 103 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.