Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին Թրամփի որոշումը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը քննադատել է Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Այս մասին բին Սալմանը հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ։

ԱՊԼ-ի գագաթնաժողովն անցկացվել է ապրիլի 15-ին սաուդական Դհահրան քաղաքում։

«Մենք կրկին մերժում ենք ամերիկյան վարչակազմի՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը», - ասել է թագավորը։

Նրա խոսքով՝ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը պատրաստվում է չեղարկել բոլոր համաձայնագրերը (այդ թվում՝ Օսլոյի համաձայնագիրը, - խմբ․) Իսրայելի հետ, եթե չփոխվի Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ը վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև վրա։ Վերջինս անօրինական էր համարում յուրաքանչյուր որոշում, որը ենթադրում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն։ Բանաձևի տեքսում կոչ էր արվում բոլոր պետություններին հրաժարվել դիվանագիտական ներկայացուցչությունները Երուսաղեմ տեղափոխելու մտքից։ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից միակն էր, որը դեմ քվեարկեց այս բանաձևին։   

Իսրայելը Երուսաղեմն արևելյան թաղամասերով հանդերձ համարում է իր «միակ և անբաժան մայրաքաղաքը», որը գրավվել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի (հայտնի նաև որպես Երրորդ արաբաիսրայելական պատերազմ անվանումով, - խմբ․) ընթացքում։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը մերձավորարևելյան այս հակամարտության կարևորագույն կողմն է, որը պետք է կարգավորվի պաղեստինցիների հետ բանակցությունների հիման վրա։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180415/1518690044.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.