Սիրիայի ՀՕՊ համակարգերը կանխել են հրթիռային նոր հարձակում

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հրթիռներ չեզոքացնել Հոմս նահանգում։ Այս մասին հաղորդել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։

Նշվում է, որ հրթիռի թիրախը եղել է Շայրաթ ավիաբազան։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր, վիրավորներ և ավերածություններ չեն գրանցվել։

Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ սիրիական բանակը կարողացել է կանխել ավիաբազայի վրա հարձակումը՝ ոչնչացնելով մոտ 10 հրթիռ։

Al Masdar News-ի հավաստմամբ՝ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Լրատվականի տվյալներով՝ սիրիական բանակը պատասխան հարվածներ է հասցրել Շայրաթ ավիաբազան գրոհած ինքնաթիռի ուղղությամբ։

Al Mayadeen լրատվականի տեղեկություններով՝ հարձակման է ենթարկվել նաև Դամասկոսի հյուսիսում գտնվող Դումեյր օդանավակայանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ բանակցություններ էին վարվում այս շրջաններից ահաբեկիչների դուրսբերման հարցով։

Հիշեցնենք, որ ապրիլի լույս 14-ի գիշերը՝ 04:42-ից մինչև 06:10 ընկած ժամանակահատվածում, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նավերից և ինքաթիռներից Սիրիայի ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, որոնցից 71-ը չեզոքացվել են սիրիական ՀՕՊ համակարգերի կողմից։

Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը նշել են, որ հրթիռակոծությունը պատասխանն էր սիրիական Դումա քաղաքում իբր տեղի ունեցած քիմիական հարձակմանը։ Քիմիական հարձակում կատարելու վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացվել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.