Գերմանիան ԱՄՆ-ին խնդրելու է իրեն ազատել հակառուսական պատժամիջոցներին մասնակցելուց․ WSJ
Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են ԱՄՆ-ին խնդրել գերմանական ընկերություններին ազատել հակառուսական պատժամիջոցներին մասնակցելուց։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ պատրաստվում է այս հարցում գերմանական բիզնեսի համար կարևոր արդյունքների հասնել։
Բացի այդ՝ կանցլեր Անգելա Մերկելը Դոնալդ Թրամփի հետ այս ամսվա վերջին կայանալիք հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել հակառուսական պատժամիջոցների հարցը։
Թերթի փոխանցմամբ՝ այս մոտեցմանը կողմ են գերմանական արդյունաբերական գիգանտները, ինչպիսիք են՝ Siemens, Daimler և Volkswagen ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում Ռուսաստանոմ և չեն ցանկանում զոհ գնալ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմանը։
Գերմանական ձեռնարկությունների ղեկավարները կարծում են, որ հակառուսական նոր պատժամիջոցները կարող են մի քանի հարյուր միլիոն դոլարի վնաս հասցնել Գերմանիային։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս խոշոր ձեռնարկատերերի, պետական աշխատողների, պետական կորպորացիաների ղեկավարների, մասնավոր ընկերությունների և 2 պետական կառույցների նկատմամբ։ Ամերիկացիներին այսուհետ արգելված է որևէ գործնական առնչություն ունենալ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիգուրանտների հետ։