Հակառուսական պատժամիջոցները հասել են Վաշինգտոնի համար ցանկալի արդյունքի․ ԱՄՆ ֆինանսների նախարար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ նոր հակառուսական պատժամիջոցները հասել են Վաշինգտոնի համար ցանկալի արդյունքի։
Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։
Խոսելով այս ամսվա սկզբին Մոսկվայի նկատմամբ սահմանված սահմանափակումների մասին՝ Մնուչինը ասել է․ «Այս պատժամիջոցները շատ կարևոր գործիքներ են, և դա ակնհայտ է։ Մենք չենք վախենում կիրառել դրանք։ Ռուս պաշտոնյաների և օլիգարխերի նկատմամբ սահմանված պատժամիջոցերը տվել են իրենց արդյունքը»։
«Մեր նախագահն ասել էր, որ շատ խիստ է լինելու Մոսկվայի նկատմամբ, և մենք դա արեցինք։ Կկիրառենք մենք ռազմական լծակները, թե տնտեսական, ամեն դեպքում մեր ռազմավարությունը կախված կլինի նաև կուլիսներում տեղի ունեցող իրադարձություններից», - շարունակել է նախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել մի շարք ռուս խոշոր ձեռնարկատերերի, պետական աշխատողների, պետական կորպորացիաների ղեկավարների, մասնավոր ընկերությունների և 2 պետական կառույցների նկատմամբ։ Ամերիկացիներին այսուհետ արգելված է որևէ գործնական առնչություն ունենալ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիգուրանտների հետ։
Մնուչինին խնդրել են մեկնաբանել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։
«Նախորդ շաբաթվա ընթացքում մենք բազմաթիվ խորհրդակցություններ ենք ունեցել Ազգային անվտանգության խորհրդում։ Այդ խորհրդակցություններին մասնակցել է նաև Նիկին։ Մենք շարունակում ենք կատարելագործել մեր ռազմավարությունը։ Ես այժմ մանրամասներ չեն ներկայացնի, սակայն կնշեմ միայն, որ Հեյլիի հայտարարությունից հետո իրավիճակ է փոխվել», - ասել է Մնուչինը։